Հայաստանն ուշադիր հետեւում է ադրբեջանական ընկերությանը վրացական Caucasus Online-ի 49%-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին
Հայաստանն ուշադիր հետեւում է ադրբեջանական ընկերությանը վրացական Caucasus Online-ի 49%-ի վաճառքի հետ կապված պրոցեսներին: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Չէի ցանկանա, որպեսզի այդ հարցի հետ կապված ծայրահեղությունների մեջ ընկնենք»,-նշեց նախարարը: Նա ընդգծեց, որ ըստ էության ընկերություններից մեկը բաժնետոմսերի վաճառքի պրոցես է սկսել՝ հավանություն չստանալով կարգավորող հանձնաժողովից, ինչի հետ կապված այժմ Վրաստանում իրավական պրոցեսներ են սկսվել:
«Այժմ մեր վրացի գործընկերները զբաղվում են այդ հարցով, եւ ես չէի ցանկանա նույնիսկ մեկնաբանել դա, քանի որ խոսքը կարգավորող եւ կոմերցիոն պրոցեսների մասին է, որոնք տեղի են ունենում հարեւան պետությունում: Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին, տեսնենք՝ ինչպես կավարտվի»,-եզրափակեց Արշակյանը: