Հայաստանը YouTube-ի հետ բանակցություններ վարում է
Հայաստանը YouTube-ի հետ բանակցություններ վարում է, սակայն այս փուլում այդ բանակցությունների բովանդակությունը չի կարող հրապարակայնացվել՝ ելնելով էթիկայի պատկերացումներից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողներին ասաց բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նախարարի հայտարարության պատճառը լրագրողների դիտողությունն էր այն մասին, որ հայ շատ բլոգերներ YouTube-ում վաստակելու հնարավորություն չունեն, եթե գրանցվում են Հայաստանից։ Լրատվամիջոցների ներկայացուցիչները նշեցին այն փաստը, որ հարեւան երկրներում, օրինակ՝ Վրաստանում եւ Ադրբեջանում համանման խնդիր չկա։ Սրա հետ կապված լրագրողները հետաքրքրվեցին՝ նախարարությունը YouTube-ի հետ արդյոք բանակցություններ վարո՞ւմ է այս խնդիրը լուծելու համար։
Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ ընկերության հետ բանակցություններ վարվում են, սակայն դրանց բովանդակությունը, առնվազն այս փուլում, ինքը չի կարող հրապարակել։ «Մենք բանակցություններ ենք վարում եւ աշխատում ենք մի քանի ուղղություններով։ Հուսով եմ մինչեւ ընթացիկ տարեվերջ մեզ կհաջողվի հասնել որոշակի արդյունքների, եւ մենք կկարողանանք դրանց մասին ձեզ հայտնել։ Քանի դեռ արդյունքներ չկան, ես չէի ցանկանա այդ կապակցությամբ որեւէ բան հրապարակայնորեն հայտարարել»,- ասաց Արշակյանը։