Ադրբեջանում հայ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ 5 հոդվածով քրգործեր են հարուցել. Ռազմինֆո
Օգոստոսի 23-ին մոլորված, այնուհետ ադրբեջանական կողմում հայտնված ՀՀ ԶՈւ սպա Գուրգեն Ալավերդյանի դեմ Ադրբեջանում քրեական օրենսգրքի 5 տարբեր հոդվածով կեղծ մեղադրանքներ են առաջադրվել։ Նշված հոդվածներով առավելագույնը 20 տարվա ազատազրկում է նախատեսվում։ Այս մասին հայտնում է Ռազմինֆոն:
«Քրգործերի հարուցման մասին օգոստոսի 25-ին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը և գլխավոր դատախազությունը։
Առաջադրված հոդվածներն են․
«ագրեսիվ պատերազմի վարում»;
«լրտեսություն»;
«օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում»;
«հրազենի, զինամթերքի, պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերում, տեղափոխում, պահպանում և փոխադրում»;
«Ադրբեջանի սահմանի ապօրինի հատում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին ՀՀ ՊՆ֊ն հայտնեց, որ սպա Գուրգեն Ալավերդյանը մարտական հենակետը ստուգելու ընթացքում եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է: Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հայտարարություն էր տարածել, որտեղ նշված էր, թե իբր ավագ լեյտենանտ Ալավերդյանը «Գորանբոյի ուղղությամբ դիվերսիոն հարձակում է իրականացրել» և հայտնվել է իրենց տարածքում։
Իբրև իրենց պնդումներին ապացույց Ադրբեջանի ՊՆ-ն հաջորդ օրը մեր սպայի լուսանկարի հետ միասին հրապարակեց նաև իբր թե նրա իրերի լուսանկարը, որտեղ կան սև գույնի հատուկ հանդերձանք (разгрузка), ԱԿ-103 ինքնաձիք, պահունակ, նռնակ և կապի միջոց: Դեռևս առաջին օրը՝ օգոստոսի 23-ին, երբ Ալավերդյանը հայտնվել էր ադրբեջանական կողմում, ոչ պաշտոնական աղբյուրներում, սոցցանցերում տարածվել էր տեսագրություն, որտեղ Ալավերդյանը առանց այդ հանդերձանքի էր:
Հիշեցնենք, որ ադրբեջանում պահվող Կարեն Ղազարյանի դեմ ևս առաջադրել էին մեղադրանքներ և բեմադրել դատավարություն»,-գրում է լրատվամիջոցը: