ԱՄՆ առաջին տիկինը Հանրապետական կուսակցության համազգային համագումարում ելույթ ունենալով՝ հայտարարել է նաև, որ չի քննադատի Միացյալ Նահանգների գործող նախագահի հակառակորդներին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը երեքշաբթի Հանրապետական կուսակցության համազգային համագումարում ելույթ ունենալով՝ հայտարարել է, որ չի քննադատի Միացյալ Նահանգների գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդներին, եւ դրա փոխարեն կոչ է արել երկրին միավորվել, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես չեմ ցանկանում այս թանկարժեք ժամանակը վատնել հակառակ կողմի վրա հարձակվելու համար, քանի որ, ինչպես տեսանք անցյալ շաբաթ, նման խոսակցությունները ծառայում են միայն այն բանին, որ երկիրը է՛լ ավելի շատ բաժանեն»,- նշել է նա։
Մելանյա Թրամփը նաեւ կոչ է արել դադարեցնել բռնությունը ոստիկանության կողմից ռասայական խտրականության եւ դաժանության դեմ բողոքի ցույցերում։ «Ինչպես դուք բոլորդ, ես մտածել եմ մեր երկրում ռասայական հուզումների մասին։ Դառը ճշմարտություն է, որ մենք չենք կարող հպարտանալ մեր պատմության մի հատվածով։ Ես մարդկանց կոչ եմ անում կենտրոնանալ մեր ապագայի վրա՝ միաժամանակ դասեր քաղելով մեր անցյալից։ Մենք պետք է հիշենք, որ այսօր բոլորս մեկ միություն ենք՝ կազմված բազմաթիվ ռասաներից, կրոններից եւ էթնիկ խմբերից»,- շեշտել է ԱՄՆ առաջին տիկինը։
«Ես կոչ եմ անում դադարեցնել բռնությունն ու կողոպուտը, որոնք իրականացվում են արդարության վերականգնման պատրվակով»,- հավելել է նա։ «Կործանելու փոխարեն, եկեք մտածենք մեր սխալների մասին, եկեք հպարտանանք այն էվոլյուցիայով, որն անցել ենք, եւ նայենք ապագային։ Եկեք ամեն օր հիշենք այն մասին, որ մենք միասնական ժողովուրդ ենք»,- կոչ է արել ԱՄՆ նախագահի կինը։
Առաջին տիկինն անդրադարձել է նաեւ կորոնավիրուսի համավարակի թեմային՝ ընդգծելով, որ ԱՄՆ նախագահը հնարավոր ամեն ինչ կանի, որ գտնվեն հիվանդության բուժման արդյունավետ մեթոդները եւ պատվաստանյութը ստեղծվի, որը հասանելի կլինի բոլոր քաղաքացիներին։
Երկրի առաջին տիկնոջ ելույթը դարձել է կուսակցական համագումարի երկրորդ օրվա գլխավոր իրադարձությունը։ Այն ընթացել է Սպիտակ տան առջեւ՝ Վարդագույն այգում, կենդանի լսարանի մասնակցությամբ․ այգում աթոռներ էին դրված հյուրերի, մասնավորապես վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների համար։ Հավաքվածների թվում էր նաեւ ինքը՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, որը նստած էր առաջին շարքում։ Առաջին տիկինն իր ելույթն ավարտել է գիշերվա ժամը 12-ին մոտ։