Մելանյա Թրամփը հանրապետականների համագումարում պատմել է Սլովենիայում մանկության և իր ամերիկյան երազանքի մասին
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Հանրապետական կուսակցության համազգային համագումարում պատմել է Սլովենիայում իր մանկության եւ Ամերիկա տեղափոխվելու երազանքի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Երբ, լինելով փոքր երեխա, մեծանում էի Սլովենիայում, որն այդ ժամանակ կոմունիստների իշխանության տակ էր, մշտապես լսում էի Ամերիկա կոչվող անհավանական վայրի մասին՝ երկրի, որը մարմնավորում էր ազատությունն ու հնարավորությունները։ Երբ մեծացա, իմ նպատակը դարձավ ԱՄՆ տեղափոխվելն ու երազանքս իրականացնելը՝ աշխատել նորաձեւության ինդուստրիայում»,- ասել է ԱՄՆ նախագահի կինը։
«Ես ԱՄՆ եմ եկել, երբ 26 տարեկան էի։ Հնարավորությունների երկրում ապրելն ու աշխատելը երազանք էր, որն իրականություն էր դարձել։ Բայց ես ավելին էի ուզում։ Ես ցանկանում էի լինել [այդ երկրի] քաղաքացի։ Տաս տարի համբերությամբ սպասելուց եւ թղթաբանությունից հետո 2016 թվականին ես նախապատրաստվեցի թեստի եւ դարձա ԱՄՆ քաղաքացի։ Ինչպես նախկինում, սա իմ կյանքի այն պահերից է, որն առաջացնում է առավել մեծ հպարտություն, քանի որ քրտնաջան աշխատանքի եւ վճռականության շնորհիվ ես կարողացա հասնել սեփական ամերիկյան երազանքիս»,- շարունակել է ԱՄՆ առաջին տիկինը։
Դոնալդ Թրամփը միշտ անկեղծ է
Մելանյա Թրամփը նաեւ հայտնել է, որ իր ընկերը երբեք չի թաքցնում իրականում մտածածը, քանի որ անկեղծ է եւ սիրում է իր երկիրը։
«Մենք բոլորս գիտենք, որ Դոնալդ Թրամփը գաղտնի չի պահում այն, ինչ մտածում է այս կամ այն բանի մասին»,- հայտարարել է նա։ «Բացարձակ ազնվությունն այն է, ինչին մենք, որպես քաղաքացիներ, արժանի ենք մեր նախագահից։ Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, բայց դուք միշտ կարող եք իմանալ, թե նա ինչ է մտածում։ Քանի որ նա անկեղծ մարդ է, որը սիրում է իր երկիրն ու իր ժողովրդին եւ ցանկանում է, որ այն հետագայում եւս ավելի լավը դառնա»,- վստահ է ԱՄՆ նախագահի կինը։ «Նա մեր երկրի համար լավագույն ընտրությունն է»,- հավելել է նա՝ կոչ անելով քվեարկել իր ամուսնու օգտին։
Երկրի առաջին տիկնոջ ելույթը դարձել է կուսակցական հավաքի երկրորդ օրվա գլխավոր իրադարձությունը։ Այն ընթացել է Սպիտակ տան առջեւ՝ կենդանի լսարանի մասնակցությամբ։ Հավաքվածների թվում էր նաեւ ինքը՝ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը։