Սպասում են փորձագետի եզրակացությանը. Ի՞նչ է պատասխանելու ԱԺ նախագահը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Լարիսա Մինասյանի նամակն ընդդեմ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի, ուրբաթ օրը մուտքագրվել է Ազգային ժողով։ ԱԺ նախագահի խորհրդական Վահան Կոստանյանը մեզ հայտնեց, որ դիմումն ԱԺ նախագահի աշխատակազմում է, դեռ ուսումնասիրում են, հետո պարզ կդառնան անելիքները։
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսի 14-ին տիկին Լարիսան բաց նամակ էր հղել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, որտեղ վերջնագրի տոնով առաջարկում էր Ալեն Սիմոնյանին պատժել՝ էթիկայի հանձնաժողով ձեւավորել, լսումներ կազմակերպել այն բանի համար, որ փոխխոսնակը մեր թերթին տված հարցազրույցում, ըստ Մինասյանի, վիրավորել է «Բաց հասարակության հիմնադրամների» նախագահ Ջորջ Սորոսին՝ իր հետեւյալ հայտարարությամբ․ «Սորոսը, իրա հերը կամ որեւիցե մեկն ո՞ւմ շունն են, որ ՀՀ-ում իշխանության վրա ազդեցություն ունենան»։
«ԱԺ կանոնակարգ» օրենքի 162-րդ հոդվածի համաձայն, «Մինչեւ պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը, պատգամավորական էթիկայի հարցերով դիմումներն ուսումնասիրում եւ երկշաբաթյա ժամկետում խմբակցություններին եզրակացություն է ներկայացնում աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը), որը հանձնաժողով ստեղծվելուց հետո իրականացնում է հանձնաժողովի գործունեության մասնագիտական սպասարկումը: Աշխատակազմի իրավասու փորձագետը (մասնագետը) քաղաքացիական ծառայող է»:
Իսկ մինչ այդ սորոսական ՀԿ-ները հերթով հանդես են գալիս եւ պահանջում են պատժել Ալեն Սիմոնյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: