Շոյգու. ՌԴ-ն շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ, և նրա գործողությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ
Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ, եւ նրա գործողությունները ուղղված չեն այս տարածաշրջանի երրորդ երկրների դեմ, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Գիտենք եւ մտահոգությամբ հետեւում էինք այն իրադարձություններին, որոնք տեղի էին ունենում Հայաստանի հետ սահմանին: Եվ գիտենք այն տագնապների մասին, որոնք առկա էին մեր ռազմական բազա թռիչքների կապակցությամբ: Ես ուզում եմ անմիջապես ասել՝ մեր բոլոր գործողությունները երբեք ուղղված չեն եղել եւ այժմ էլ ուղղված չեն Ադրբեջանի, մեր հարեւանի եւ մեր գործընկերոջ դեմ: Ռուսաստանը շահագրգռված չէ Անդրկովկասում լարվածության սրմամբ»,- ասել է Շոյգուն:
Նրա խոսքերով՝ Ռուսաստանը Հայաստանում իր բազայում կառուցում է սոցիալական օբյեկտներ, որոնցով ապահովված չեն զինծառայողները: «Սրա հետ կապված է որոշ աննշան ակտիվություն: Եւ երկրորդ մասը՝ զորակոչի նախագիծն է: Ինչ-որ մեկին պետք է տուն վերադարձնել, ինչ-որ մեկին՝ ընդհակառակը»,- ընդգծել է ՊՆ ղեկավարը: «Եւս մեկ անգամ կրկնում եմ՝ մեր գործողությունները եւ քայլերը երբեք ուղղված չեն եղել Ադրբեջանի դեմ եւ ուղղված չեն այսօր»,- վստահեցրել է նա:
Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը այս կամ հաջորդ տարի կվերադառնան համագործակցության նախկին տեմպերին, որոնք նվազել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Ռազմական համագործակցության մեր հորիզոնները ինչ-որ չափով նեղացել են համավարակի պատճառով, սակայն ես միանգամայն համոզված եմ, որ այսօր մենք կքննարկենք եւ կձեռնարկենք բոլոր միջոցները, որպեսզի այս ժամանակահատվածում բաց թողնվածը վերականգնվի՝ եթե ոչ այս, ապա հաջորդ տարի»,- ասել է Շոյգուն:
Շոյգուն նշել է, որ չնայած համավարակին, զարգանում է համագործակցությունը՝ ադրբեջանցի մասնագետների պատրաստման ոլորտում: