Ականազերծման կենտրոնի մասնագետները Կոտայքի Մայակովսկի համայնքում հայտնաբերել են 7 միավոր չպայթած զինամթերք
2020-ի օգոստոսի 18-ից «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները մաքրման աշխատանքներ են կատարում Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքում (Բալահովտի նախկին ռազմական պահեստների տարածքում)։ Այս մասին հայտնում են «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Աշխատանքների նպատակն է տարածքը մաքրել անցյալում ռազմական բազաների հրդեհի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից մնացած զինամթերքներից: Կատարված աշխատանքի արդյունքում հայտնաբերվել է 7 միավոր չպայթած զինամթերք՝ 4 հատ 122 մմ տրամագծով արկ, երկու` 57 մմ տրամագծով եւ մեկ` 100 մմ տրամագծով արկ:
Հայտնաբերված բոլոր չպայթած զինամթերքները ոչնչացվել են:
Աշխատանքների ավարտից հետո տարածքը պաշտոնապես կհանձնվի տեղական ինքնակառավարման մարմիններին: