Գևորգ Մուրադյանը ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց միայն ԿԳՄՍ օժանդակությամբ. Դավիթ Ափոյան
Միանշանակ ԿԳՄՍ նախարարության կողմից օժանդակություն կար Գեւորգ Մուրադյանին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ վերընտրվեց Գեւորգ Մուրադյանը:
«Համալսարանում ունեցած իմ շրջապատում շատ քիչ մարդիկ կան, որոնք բավարար են գնահատում Գեւորգ Մուրադյանի վերջին 1,5 տարվա ընթացքում կատարած գործողությունները որպես Հոգաբարձուների խորհրդի նախագահ: Բազմաթիվ քայլեր եչն ծառայել համալսարանի շահերին: Մասնավորապես համալսարանի դեմ հարուցված 20-ից ավելի դատական հայցերը խոսում են այն մասին, որ այնպիսի օրակարգային հարցեր են ներառվել, որոնք անօրինական էին, դրանց մեծամասնությունը հայցի ապահովում են ստացել: Էլ չեմ ասում, որ դատարան մտնել ԵՊՀ-ի դեմ ցուցմունքով դա արդեն իսկ հարված է համալսարանին»,-ասաց նա:
Ափոյանը համոզմունք հայտնեց, որ Գեւորգ Մուրադյանն ընտրվեց միայն կառավարության հավանությամբ շնորհիվ. «Թեեւ համալսարանականներից էլ քվեարկողներ եղան, բայց իմ համոզմամբ, այո, նա ըստ էության ոչ թե ընտրվեց, այլ նշանակվեց կառավարության աջակցությամբ»:
Նա նաեւ հավելեց, որ Գեւորգ Մուրադյանի վերջին շրջանի քայլերը ոչ թե բուհի շահերից էին բխում, այլ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի նեղ քաղաքական շահերից: «ԿԳՄՍ նախարարն այստեղ ունի անձնական ամբիցիաներ, որոնք բավարարվում են որոշ այլ մարդկանց ձեռքով»,-ասաց Ափոյանը: