ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը եւս քննարկվել է. ԿԳՄՍ փոխնախարարը մանրամասնեց
Խնդիրներն ու անելիքները շատ-շատ են եւ կարծում եմ՝ ԵՊԳ հոգաբարձուների խորհուրդը պատրաստակամ է իր բոլոր ջանքերը ներդնել բուհը զարգացնելու եւ ավելի լավ իրավիճակ ունենալու համար, վսհատ եմ, որ այդ ուղղությամբ առաջ կգնանք: Այս մասին այսօր՝ օգոստոսի 25-ին, ԵՊՀ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Հարցին, թե ինչպես է գնահատում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գեւորգ Մուրադյանի վերընտրվելը, նա պատասխանեց. «Պարոն Մուրադյանին տրվեցին հարցեր, հնչեցին պատասխաններ, սա որեւէ մեկի միանձնյա որոշումը չէ, բոլորն ազատ էին իրենց քվեն տալու որեւէ թեկնածուի»:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը եւս քննարկվել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն ունեինք ռեկտորի ընտրության սկսված գործընթաց մինչեւ արտակարգ դրությունը, որոշում կայացվեց հարցում ուղարկել Արդարադատության նախարարություն եւ իրավաբանական ֆակուլտետին՝ հասկանալու համար, թե որ մոտեցումն է ավելի իրավաչափ՝ նոր մրցույթի հայտարարումը, թե արդեն սկսված մրցույթի շարունակությունը:
Հարցին, թե նախարարության համար նախընտրելի թեկնածու կա՞, Անդրեասյանը պատասխանեց. «Նախընտրելին այն թեկնածուն է, որն ընդունելի է բուհի համար, բուհի զարգացման տեսանկյունից: Այս տեսանկյունից նախարարությունն ամենաշահագրգիռ կառույցներից է, որ մեր բուհերը զարգանան, լինեն մրցունակ, կարողանան նաեւ միջազգային ասպարեզում իրենց տեղն ու դերը ունենալ: մենք պատրաստ ենք աջակցել ցանկացած մեկին, ով իր գործը տեսնում է այդ ուղղությամբ»: