Պոմպեոն Սուդանի վարչապետի հետ կքննարկի Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարները․ լրատվամիջոց
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն իր տարածաշրջանային շրջագայության շրջանակում երեքշաբթի կայցելի Խարտում եւ բանակցություններ կվարի Սուդանի վարչապետ Աբդալլահ Խամդուկի հետ։ Այս մասին հայտնել է Al-Hadath հեռուստաալիքը, որի տեղեկություններով՝ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը անցումային կառավարության ղեկավարի հետ կքննարկի Սուդանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարները։
Պոմպեոն երկուշաբթի Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախարար Բենի Գանցի եւ հրեական պետության արտգործնախարար Գաբի Աշկենազիի հետ։ Բանակցությունների ժամանակ հիմնական ուշադրությունը հատկացվել է «տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցությանը հակազդելու ջանքերին եւ Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ երկկողմ համաձայնագրերին»։
Պոմպեոն The Jerusalem Post պարբերականի հետ հարցազրույցում շեշտել է, թե չի կարող կանխատեսել՝ ստույգ երբ տեղի կունենա Սուդանի եւ Իսրայելի հարաբերությունների կարգավորումը, սակայն, նրա խոսքով, «դա ընդամենը ժամանակի հարց է»։ «Ես կարծում եմ, որ դա ամբողջ տարածաշրջանի համար ճիշտ քայլ կլինի, եւ առաջիկա ամիսներին մենք կտեսնենք, թե ինչպես են ԱՄԷ-ի օրինակին հետեւում նոր երկրներ»,- նշել է նա։
Վաշինգտոնի հովանու ներքո Իսրայելի եւ ԱՄԷ-ի պատվիրակությունները պատրաստվում են մոտ ապագայում երկկողմ համաձայնագրեր ստորագրել, այդ թվում՝ ներդրումների, տուրիզմի, ուղիղ ավիաչվերթների, անվտանգության, հեռահաղորդակցության, տեխնոլոգիաների, էներգետիկայի, առողջապահության, մշակույթի, շրջակա միջավայրի եւ դեսպանությունների փոխադարձ հիմնադրման մասին։
Սուդանցի փորձագետ Աբդել Ռահիմ աս Սուննիի կարծիքով՝ Պոմպեոյի շրջագայությունը հետապնդում է Իսրայելի հետ հարաբերությունների բարելավմանը արաբական երկրներին դրդելու նպատակ։ «Ինչ վերաբերում է Խարտումին, ապա ԱՄՆ-ն հիմա այս հարցն ուղղակիորեն կապում է Սուդանին ահաբեկչությանն աջակցող պետությունների ցուցակից հանելու հետ»,- նշել է նա։
Վաշինգտոնը օգոստոսի 13-ին մուտքի սահմանափակումներ էր մտցրել ինչպես Սուդանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս ապրող այն անձանց դեմ, որոնք խափանում են երկրի ժողովրդավարացման Խարտումի կառավարության ջանքերին։ Սահմանափակումները գլխավորապես վերաբերում են 30 տարի իշխած Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրի կողմնակիցներին, որին տապալել էին 2019 թվականի ապրիլի 11-ին ռազմական հեղաշրջմամբ։