Ֆիլմերի բացօթյա ցուցադրումով մեկնարկեց «Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը (Լուսանկարներ)
Երեւանի սրտում՝ Աբովյան փողոցի Սբ. Աննա եւ Սբ. Կաթողիկե եկեղեցիների հարակից տարածքում, օգոստոսի 24-ին մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի երեւանյան ծրագիրը։ Ծրագրով նախատեսված բացօթյա կինոդիտումները կլինեն ամեն օր՝ ժամը 19:00-23:00, մինչեւ սեպտեմբերի 1-ը:
Կազմակերպիչների խոսքով՝ չնայած ֆիլմերի դիտումով հետաքրքրվածների քանակը շատ է, համավարակով պայմանավորված՝ տարածքում նախատեսվում է 40 հոգու համար նստարան։
«Հաշվի առնելով, որ պարետի նոր որոշմամբ մշակույթի ոլորտը, այդ թվում՝ թատերահամերգային միջոցառումները եւ կինոցուցադրությունները, կարող են անցկացվել բացառապես բացօթյա տարածքներում՝ որոշեցինք այս տարի եւս անցկացնել փառատոնը։ Այս տարի 85 երկրից ներկայացված 3000-ից ավել հայտից ընտրվել է 63 ֆիլմ՝ 23 երկրից։ Միջոցառումներից որոշները անցկացվում են օնլայն հարթակում, իսկ առաջիկա օրերին կլինեն բազմաթիվ ֆիլմերի բացօթյա դիտում-քննարկումներ, համերգային ծրագրեր եւ առցանց հանդիպումներ»,- նշեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանը։
Նշենք, որ կինոդիտումներից առաջ ներկաները ջերմաչափվում են, կրում դիմակ եւ պահպանում սոցիալական հեռավորություն։
Հիշեցնենք, որ փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ աջակցությամբ եւ Հայաստանյան «Կլոր սեղան» հիմնադրամի աջակցությամբ: