Լիբանանցի զինվորականները Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ավելի քան 70 կոնտեյներ են հայտնաբերել
Լիբանանի զինծառայողները Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որտեղ ավելի վաղ հզոր պայթյուն է տեղի ունեցել, վտանգավոր քիմիական նյութերով 79 կոնտեյներ են հայտնաբերել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ բանակի մամուլի ծառայությանը հղումով:
Նշվում է, որ ինժեներներից բաղկացած հատուկ ստորաբաժանումը, ֆրանսիացի փորձագետների խմբի հետ միասին, նավահանգստի տարածքն ուսումնասիրելիս օգոստոսի 14-ից 22-ն ընկած ժամանակահատվածում վտանգավոր քիմիական նյութերով 25 կոնտեյներ են հայտնաբերել, այնուհետև ևս 54-ը:
Զինծառայողները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները՝ հաշվի առնելով, որ քիմիական նյութերի արտահոսքը վտանգավոր է կյանքի համար:
Բեյրութում տեղի ունեցած պայթյունի գործով հետաքննությունը վարում է լիբանանցի դատավոր Ֆադի Սավվանը: Նրա հրամանով արդեն 19 պաշտոնյա է ձերբակալվել, այդ թվում՝ Բեյրութի նավահանգստի գլխավոր տնօրեն Հասան Քրեյթեմը և մաքսային ծառայության ղեկավար Բադրի Դահերը: