Ակումբները ժամանակավոր իրավունք են ստացել արգելել ֆուտբոլիստներին միանալ հավաքականներին
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) խորհրդի բյուրոն որոշել է սահմանել ժամանակավոր կանոններ, որոնք կորոնավիրուսի համավարակի պայմաններում կկարգավորեն ֆուտբոլիստների մեկնումը ազգային հավաքականներ, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Կանոնները կգործեն սեպտեմբերին անցկացվելիք հավաքականների միջազգային հանդիպումների համար։ Ակումբը ժամանակավոր իրավունք է ստացել թույլ չտալ ֆուտբոլիստներին միանալ հավաքականին, եթե ակումբի երկրում / քաղաքում կամ հավաքականի հանդիպման անցկացնման երկրում / քաղաքում ժամանողների համար սահմանված է առնվազն 5 օր կարանտին կամ գործում են մուտքի եւ ելքի հետ կապված սահմանափակումներ։
Ֆուտբոլային ակումբները նաեւ իրավունք ունեն արգելել ֆուտբոլիստների մեկնումը հավաքական, եթե ժամանման երկրում կարանտինի եւ մուտքի սահմանափակումների հետ կապած բացառություն արված չէ ֆուտբոլային թիմերի ներկայացուցիչների համար։
Այս կանոնը տղամարդկանց թիմերի համար կգործի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 8-ը։
Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 5-ին կհյուրընկալվի Հյուսիսային Մակեդոնիայի թիմին, իսկ սեպտեմբերի 8-ին կընդունի Էստոնիայի թիմին։