Այս տարի «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկեց Բերդում՝ «Բերդ»–ի մենահամերգով
Օգոստոսի 22-ին սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով մեկնարկեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնը։ «Ֆրեսկո»-ն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր աջակցությամբ,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ և աջակցությամբ և Հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ:
Ամիսներ շարունակ մշակութային անցուդարձը միայն օնլայն հարթակում վայելելող հանդիսատեսը շատ էր կարոտել իրական մենահամերգի։ Բացման արարողության ներկաները վայելում էին մշակութային եռուզեռը՝ պահպանելով համավարակի կանխարգելման կանոնները։
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Աննա Կարապետյանի խոսքով՝ որոշվել է հենց Տավուշում անցկացնել փառատոնի բացման արարողությունը, քանի որ ցանկություն կար էլ ավելի ուժ և ոգի փոխանցել Տավուշի բնակիչներին։
«Այս տարի փառատոնը ավելի մեծ էր նախատեսված, քանի որ նախորդ տարիների համեմատ մասնակցության հայտերի թիվը կրկնապատկվել էր՝ մոտ 3000 հայտ, ունենալու էինք շատ հյուրեր՝ այդ թվում Քշիշտոֆ Զանուսին, Դմիտրի Բրիկմանը, բայց համավարակով պայմանավորված դրսի հյուրերի հետ հանդիպումները տեղափոխեցինք Zoom հարթակ։ Փառատոնի նպատակն է գնալ մարզեր, հատկապես սահմանամերձ գյուղեր, իսկ հուլիսին տավուշյան դեպքերից հետո խորհրդանշական էր հենց Բերդում «Բերդի» մենահամերգով սկսել։ Այս որոշմամբ մենք ցանկանում ենք մեր ուժը, հաղթական ոգին ևս մեկ անգամ փոխանցել մեր հայրենակիցներին»,- հավելեց Աննա Կարապետյանը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: