Թուրք դիվանագետները Հունաստանում լրտեսությամբ են զբաղվում
Թուրքիան Հունաստանում տեղեկատվության ապօրինի հավաքագրում է կատարում Ազգային հետախուզական կազմակերպության (MİT), Թուրքիայի դեսպանության եւ հյուպատոսարանների միջոցով, հայտնել է Հյուսիսային հետազոտությունների եւ մոնիթորինգի ստոկհոլմյան ցանցի տնօրեն Աբդուլլա Բոզկուրտը՝ վկայակոչելով մի քանի գաղտնի փաստաթղթեր:
Փաստաթղթերը, որոնք բացահայտում են երկրում թուրք ապաստան հայցողների հետքերը եւ թուրք դիվանագետներին ու հյուպատոսարանների աշխատակիցներին որպես գաղտնի գործակալներ օգտագործելը, վկայում են արտասահմանում թուրքական իշխանությունների քննադատների հետապնդումների մասին:
Բոզկուրտի կողմից հրապարակված առաջին փաստաթղթում, որը թվագրված է 2019 թվականի մարտի 26-ին, թվարկվում են Հունաստանում բնակվող 568 թուրքեր, որոնք, ըստ MİT-ի, 2016-ի ձախողված հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Գյուլենի շարժման անդամներ են։
MİT-ը «հետեւել է թուրք ապաստան հայցողների տեղաշարժին, քանի դեռ նրանք գտնվել են Հունաստանում, եւ որոշել է, որ նրանցից ոմանք լքել են երկիրը՝ հաստատելով, թե, որպես վերջնական նպատակակետ որ եվրոպական պետություն կամ ամերիկյան նահանգ են ուղեւորվել՝ Հունաստանում կանգառից հետո,- գրել է նա:
Թուրքական կառավարությունը ձախողված հեղաշրջումից անմիջապես հետո հետապնդումներ էր սկսել Գյուլենի շարժման դեմ: Ավելի քան 150 000 մարդ ազատվել կամ հեռացվել էր աշխատանքից, իսկ Գյուլենի դաշնակիցը լինելու մեջ կասկածվող տասնյակ հազարավոր մարդիկ փախել էին արտասահման, այդ թվում՝ հարեւան Հունաստան:
Բոզկուրտի կողմից ներկայացված երկրորդ փաստաթուղթը Թուրքիայի դեսպանության երեք էջանոց հետախուզական զեկույցն է, որը Աթենքից ուղարկվել է Անկարա։ Այնտեղ նկարագրվում է, թե ինչպես են Հունաստանում աշխատող թուրք դիվանագետներն ու հյուպատոսական ծառայողները գործել որպես գաղտնի գործակալներ, լրտեսել եւ տեղեկատվություն են հավաքել Հունաստանում, ինչը «Վիեննայի համապատասխան կոնվենցիաների աղաղակող խախտում է»։
Պրոֆեսիոնալ դիվանագետների եւ հյուպատոսությունների աշխատակիցներին լրտեսների վերածելը նշանակում է «Թուրքիայում Էրդողանի կառավարման ոճի նոր մակարդակ եւ վտանգավոր էսկալացիա»,- գրել է նա:
Վերջապես, Բոզկուրտը ներկայացրել է անվտանգության ծառայության գլխավոր տնօրենի 2019 թվականի նոյեմբերի նամակը, որում Թուրքիայի ԱԳՆ-ը անվանվում է Հունաստանում հետախուզության հավաքման աղբյուր եւ հիշատակվում է Էվրոս գետով Հունաստան ներթափանցած թուրք փախստականների հետապնդումների մասին:
«Թուրքական հատուկ ծառայությունները, որոնք արդեն տեղեկատվության հավաքագրման գործողություններ են իրականացնում, ակնհայտորեն ակտիվացրել են իրենց գործողությունները Հունաստանում»,- գրել է Բոզկուրտը: