Լավրովը համարել է հեռանկարային սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին Լուկաշենկոյի առաջարկը
Մոսկվայում համարում են հեռանկարային սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Նախագահ Լուկաշենկոն վերջին շրջանում աշխատանքային կոլեկտիվների հետ հանդիպումների ընթացքում բազմիցս արտահայտվել է ի շահ երկխոսության, այդ թվում՝ արել է կարեւորագույն առաջարկ՝ սահմանադրական բարեփոխումների մասին երկխոսություն։ Մենք կարծում ենք, որ դա այն ճանապարհն է, որը բավականին հեռանկարային է»,-ասել է նա։
Բելառուսում արդեն շուրջ երկու շաբաթ է շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերն ընդդեմ նախագահական ընտրությունների արդյունքների, որին հաղթանակ է տարել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Ընտրությունները կայացել են օգոստոսի 9-ին։ Համաձայն ԿԸՀ-ի հաստատած տվյալների՝ Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը, իսկ նրա հիմնական ընդդիմադիր Սվետլանա Տիխանովսկայայի օգտին՝ 10,12 տոկոսը։
Օգոստոսի 13-ից ցույցեր են սկսվել Բելառուսի բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններում։
Անցած երկուշաբթի Լուկաշենկոն հնարավոր է համարել երկրի նոր նախագահի ընտրությունների անցկացումը նոր Սահմանադրությունն ընդունելուց հետո։