Որևէ հիվանդություն չի ունեցել. երեկ մահացած ժամկետային զինծառայողը ՌԴ-ից էր եկել ծառայության մեկնելու
Երեկ հոսպիտալում մահացած ժամկետային զինծառայող 19-ամյա Խաչիկ Բաղդասարյանը Արագածոտնի մարզի Արտենի համայնքից էր, ՌԴ-ից էր եկել ծառայության անցնելու: Այս մասին NEWS.am-ին հայտնել է Արտենիի գյուղապետ Գեղամ Խլղաթյանը:
Հարցին, թե զինծառայողը մինչ բանակ մեկնելը ունեցել է որևէ հիվանդություն, նա ասել է, որ առողջ երեխա է եղել, որևէ հիվանդություն չի ունեցել:
Գյուղապետը նշել է, որ ՌԴ-ից արդեն ժամանել են մահացած զինծառայողի ծնողները և քույրը. «Խաչիկը տան միակ տղան էր»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 21-ին, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչիկ Գասպարի Բաղդասարյանը (ծնված 2001թ), կորցրել է գիտակցությունը: Ժամկետային զինծառայողը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: