Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայում խոշոր տարերային աղետի մասին եւ ուղարկել դաշնային օգնություն նահանգին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կալիֆոռնիայում խոշոր տարերային աղետի մասին եւ ուղարկել դաշնային օգնություն նահանգին բնական հրդեհների կապակցությամբ, հաղորդում է The Guardian-ը։
Նահանգապետ Գեւին Նյուսոմի խոսքով՝ այդ կապակցությամբ ստորագրված համապատասխան հռչակագիրը թույլ կտա շրջանի բնակիչներին, որոնք տուժել են հրդեհից, օգնություն ստանալ ճգնաժամային խորհրդատվության, բնակարանաշինության եւ այլ սոցիալական ծառայությունների հետ կապված։
Հիշեցնենք, որ այս օրերին Կալիֆոռնիան պայքարում է խոշոր բնական հրդեհների դեմ։
Հրդեհները մարելու գործընթացում ներգրավված է 12 000 հրշեջ, տարերքի հետեւանքով զոհվել է արդեն վեց մարդ։
Կալիֆոռնիային օգնության են շտապում մի շարք այլ նահանգներ, խնդրել են օգնություն նաեւ Ավստրալիայից եւ Կանադայից։
Հրդեհների պատճառն ավելի քան 12 000 կայծակներն են ռեկորդային տապի հետեւանքով։ Ուրբաթ Կալիֆոռնիայի արտակարգ ծառայությունները հայտարարել են հրդեհների ծավալի ավելացման եւ 175 000 բնակչի տարհանման մասին։