Իրանը հրապարակել է Թեհրանում կործանված ինքնաթիռի սեւ արկղերի տվյալները
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակեպությունը հրապարակել է հունվարին Թեհրանում կործանված ուկրաինական ուղեւորատար ինքնաթիռի սեւ արկղերի տվյալները, հաղորդում է Tasnim-ը։
Կիրակի Իրանի քաղավիացիայի կազմակերպության ղեկավար Թորաջ Դեքխանիի խոսքով՝ օդային միջադեպերի կապակցությամբ տեխնիկական եւ փորձագիտական տվյալների հրապարակումն ընդունված պրակտիկա չէ, եւ այդ ամենը պետք է հրապարակվի անկախ զեկույցում․ Իրանի նախագահ Հասան Ռոհանին կարգադրել է հրապարակել այդ տեղեկատվությունը լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։
Կազմակերպության ղեկավարը հայտնել է, որ սեւ արկղերի ձայնագրությունը դադարել է 06:14:56-ին՝ այն պահին, երբ պայթել է հրթիռը, իսկ մինչ այդ թռիչքի պայմանները նորմալ էին։
Նրա խոսքով՝ սեւ արկղը ձայնագրել է օդաչուների խցում բոլոր ձայները 19 վայրկյանի ընթացքում հրռիթի պայթյունից հետո։ Նա հավելել է, որ անձնակազմը տեղյակ էր արտասովոր իրավիճակի մասին եւ մինչեւ վերջին վայրկյանը փորձում էր ղեկավարել ինքնաթիռը։
Դեքխանին հավելել է, որ թռիչքի ինստրուկտորը խոստովանել է, որ երկու ռեակտիվ շարժիչներն աշխատել են պայթյունից մի քանի վայրկյան անց։
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում կործանվել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ին պատկանող ուղեւորատար ինքնաթիռը։ Զոհվել են բոլոր ուղեւորներն ու ողջ անձնակազմը։ Ինքնաթիռի ուղեւորները հիմնականում Իրանի եւ Կանադայի քաղաքացիներ էին։
Ավելի ուշ Իրանը խոստովանել է, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռի հարվածի հետեւանքով մարդկային սխալի պատճառով։
Ինքնաթիռի սեւ արկղերն ուղարկվել էին Ֆրանսիա փորձաքննության համար։