Ո՞ւմ բաժին կհասնի «Հավաքական թիմերի մարզական կենտրոնը»
Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում, «Օռանժ ֆիթնես» մարզական կենտրոնի հարևանությամբ դեռ 80-ականներից գործում էր «Հավաքական թիմերի մարզական կենտրոն» մեծ մարզաբազան: Մինչեւ 90-ականներն այս մազաբազան ծառայել է որպես մարմնամարզության 4 ձեւերի համալիր կենտրոն եւ կոչվել մարմնամարզության բարձրագույն դպրոց: Այստեղ մարզվել են հավաքական թիմերի անդամները: Տարիների ընթացքում մարմնամարզությանը միացան նաեւ այլ մարզաձեւեր, մասնավորապես ըմբշամարտ, ծանրամարտ:
Մարզաբազան ունի երկու մեծ մասնաշենք առանձին մարզադահլիճներով, մարզիկների քնասենյակների առանձնացված շենք, ճաշարան: Վերջին հավաքը մարզադպրոցում եղել է Ռիոյի Օլիմպիական խաղերից առաջ. հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականները նաեւ այս մարզադպրոցում են պատրաստվել Խաղերին: Բացի ըմբիշներից նույն դահլիճում, ըմբշամարտի գորգից մի քանի մետր հեռավորության վրա, մարզվել են նաեւ գեղարվեստական մարմնամարզուհիները:
Արդեն երկար տարիներ մարզադպրոցը չի գործում, իսկ ավելի ստույգ գործում է փակ դռների հետեւում եւ ոչ մարզիկների ու մարզվողների համար: Մարզադպրոցում մինչեւ 2019 թվականը կանոնավոր մարզումներ տեղի չեն ունեցել, քանի որ շենքը հանձնվել է մասնավոր սեփականության եւ շահագործման: Այստեղ նախկին տնօրենի օրոք գործել է հյուրանոց եւ ռեստորանային համալիր: Իսկ նախկին տնօրենը եղել է Յուրա Բեգլարյանը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրը:
2019 թվականին ՀՀ կառավարության կողմից մարզադպրոցի շենքը վերադարձվել է պետությանը եւ այժմ նախկին բարձրագույն մարզադպրոցը վերանորոգման եւ որպես մարզադպրոց աշխատելու խնդրի առաջ է:
2019 թվականի դեկտեմբերի 16-ից «Հավաքական թիմերի մարզական կենտրոնի» տնօրենի պաշտոնը ժամանակավորապես ստանձնել է ազատամարտիկ Արայիկ Հակոբյանը, որի նպատակը նախկին մարզադպրոցը հայկական սպորտին ծառայեցնելն ու մեծ մարզական կենտրոն դարձնելն է:
NEWS.am Sport-ն այցելել է մարզադպրոց, որի դռներն, ինչպես ասում է ժ/պ տնօրենը, այժմ բաց են բոլորի առաջ:
Արայիկ Հակոբյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ մարզադպրոցն ընդունել է անմխիթար վիճակում, կենտրոնի հաշիվները կալանքի տակ են, հարուցված է քրեական գործ մարզադպրոցի շահագործման հետ կապված:
«Մարզադպրոցի տարածքը եւ մասնաշենքերը պայմանագրով հանձնված են եղել այժմ սնանկ ճանաչված ՍՊԸ-ի: Այդ պայմանագիրը պետության շահերին դեմ է եղել: Մենք ստիպված եղանք մինչեւ տարածք գալը, դիմել կադաստրին եւ սնանկության կառավարչին, որպեսզի կադաստրով լուծարենք այդ պայմանագիրը: Այդ գործընթացից հետո միայն՝ երկու ամիս առաջ ստեղծվեց հանձնաժողով, մենք կարողացանք գալ, մտնել այս տարածք:
Տարածքն ու մարզադպրոցն ինձ հանձնող չի եղել, նախկին տնօրենից տեղյակ չեմ, չգիտեմ: Քրեական գործ կա հարուցված այս մարզադպրոցի շահագործման համար: Ինձ որեւէ մեկը նախկին աշխատացնողներից չի հանձնել: Պետգույքի կանչերին եւս որեւէ մեկը չի արձագանքում, նախկինում էլ չի արձագանքել՝ գույքի վերաբերյալ հաշվետվություններ, գրություններ չեն ներկայացվել, ոչինչ չի արվել: Միայն տեղեկություն ունեմ, որ մարզադպրոցի նախկին տնօրենը եղել է Յուրա Բեգլարյանը, որին մեկ հրամանով ազատել են տնօրենի պաշտոնից, մեկ այլ հրամանով ինձ նշանակել»,- ասաց Արայիկ Հակոբյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: