ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով Մեքսիկայի սահմանին լրացուցիչ սահմանափակումներ է մտցնում
Միացյալ Նահանգները ուրբաթ փակել է Մեքսիկայի սահմանին երթեւեկության շերտերը, ինչպես նաեւ սկսել է անցկացնել ավելի շատ կրկնակի ստուգումներ, որ կրճատի ուղեւորությունների քանակությունը, որոնք «անհրաժեշտ չեն», եւ սահմանափակի կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Էլ Պասո քաղաքի (Տեխաս նահանգ) ԱՄՆ մաքսային-սահմանապահ ծառայության ներկայացուցիչ Ռոջեր Մայերին։
«ԱՄՆ քաղաքացիների եւ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց անդրսահմանային ուղեւորությունների գերաշիռ մեծամասնությունը իրականացվում է առանց ծայրահեղ անհրաժեշտության»,- ասել է Մայերը։
Մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակել էր երկիր ժամանող օտարերկրացիների մուտքը, որոնք 14 օրվա ընթացքում ժամանում էին Շենգենյան գոտու երկրներից։ Նա ավելի ուշ այս արգելքը տարածել էր Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի, ինչպես նաեւ Բրազիլիայի վրա։ Մինչ այդ համանման միջոցառումներ էին մտցվել Չինաստանի եւ Իրանի նկատմամբ։
Թրամփը մարտի 20-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները ժամանակավորապես Մեքսիկայի եւ Կանադայի սահմանների հատման սահմանափակումներ է մտցնում։ Պետության ղեկավարի խոսքով՝ ժամանակավոր արգելքը մտցվում է «բոլոր ուղեւորությունների վրա, որոնք անհրաժեշտ չեն համարվում»։ Այդ երկրներից վերադարձող ԱՄՆ քաղաքացիները ներկա պահին կարող են ԱՄՆ մուտք գործել, բայց պետք է բժշկական հետազոտություն անցնեն։