Կալիֆորնիայում անոմալ շոգից բռնկված անտառային հրդեհների հետևանքով 5 մարդ մահացել է, 140 000 մարդու տարհանման հրահանգ է տրվել. Associated Press (տեսանյութ)
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի իշխանությունները հրահանգել են 140 000 բնակչի տարհանել այն բնակավայրերից, որոնց սպառնում են անտառային հրդեհները, հաղորդում է Associated Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հրդեհների պատճառով արդեն զոհեր կան. նրանց թիվը հասնում է 5-ի, վնասվել է շուրջ 500 Շինություն:
Կալիֆորնիայի նահանգապետը թվիթերյան իր էջում տեղեկացրել է, որ նահանգի հյուսիսում անտառային հրդեհների օջախների թիվը 367-ից հասել է 560-ի, այրվել է մոտ 312 000 հա տարածք: Կրակը մարելու աշխատանքներում է ներգրավված 12 000 հրշեջ, օգտագործվում է հազարից ավել տրանսպորտային միջոցներ, հարյուրից ավել շինտեխնիկա, 88 ուղղաթիռ ու 24 հատուկ ինքնաթիռ:
Օգոստոսի 18-ին Կալիֆորնիայում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: Հրդեհների պատճառը անոմալ շոգ եղանակն է. ջերմաստիճանի ամենաբարձր ցուցանիշը Մահվան հովտում է գրանցվել՝ 54.4 աստիճան ըստ Ցելսիուսի: