73-ամյա Հիդինկը գլխավորեց Կյուրասաոյի հավաքականը
73-ամյա հոլանդացի մասնագետ Գուս Հիդինկը նշանակվել է ֆուտբոլի Կյուրասաոյի հավաքականի գլխավոր մարզիչ։ Նա թիմի հետ կաշխատի մինչեւ 2022թ․ աշխարհի առաջնության ավարտը։ Հիդինկը աշխատանքը կսկսի սեպտեմբերի 1-ին։ Նրա գլխավոր նպատակը կլինի կազմ հավաքելը եւ պրոֆեսիոնալ թիմ ստեղծելը։
«Բարդ էր մերժելը։ Վերջին տարիներին Կյուրասաոն մեծ զարգացում է ունեցել։ Ես ցանկանում են թիմին եւ մարզիչներին օգնել եւ մեկ աստիճան բարձրացնել միջազգային ասպարեզում»,- Հիդինկի խոսքը մեջբերում է foxsports.nl-ը։
Կյուրասաոն Նիդերլանդներին պատկանող կղզի է Կարիբյան ծովում։
Հիդինկը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է «Ֆեներբահչեն», «Վալենսիան», «Ռեալը», «Բետիսը», ՊՍՎ-ն, «Չելսին», «Անժին», Հոլանդիայի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի, Ռուսաստանի, Թուրքիայի ազգային հավաքականները, Չինաստանի օլիմպիական թիմը։