Փորձագետը նշել է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ մարտական գործողություններ սկսելու պայմանը
Եթե թուրքական նավերը մոտենան Կրետե կղզուն, ապա դա կազդարարի Անկարայի եւ Աթենքի միջեւ մարտական գործողությունների սկիզբը: Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ կողմերը ձգտում են վերահսկողություն սահմանել էներգետիկ ռեսուրսների պաշարների նկատմամբ, եւ այդ գործընթացքում ներգրավված են նաեւ Կիպրոսը, Եգիպտոսը, Իսրայելն ու Լիբիան, հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Ֆրանսիան, Իտալիան եւ ԱՄՆ-ն:
«Ըստ էության, Թուրքիան իրականացնում է ծրագիր, որն առկա էր 2010թ. փաստաթղթում: Ըստ այդ փաստաթղթի՝ Անկարան պետք է օգտագործեր քաղաքացիական ուժերը՝ Աթենքին սադրելու համար, ձկնորսների ուղարկելով հունական ջրեր: Հենց դա մենք այժմ նկատում ենք: Սակայն խոշոր խաղացողներ, օրինակ՝ Գերմանիան եւ Ֆրանսիան, աջակցություն են հայտնում Հունաստանին եւ Կիպրոսին: Բացի այդ, Թուրքիային քննադատում է ԱՄՆ-ն, որը տարածաշրջանում մեծ ռազմանավ եւ ռազմաօդային ուժեր է տեղակայել»,-նշեց նա:
Թուրքագետի խոսքով՝ Անկարային չեն աջակցում նաեւ ՆԱՏՕ-ի այլ անդամներ: