Ոչ մի երկրում իշխող ուժը ընդդիմադիրներին չի մեղադրում իշխանության ձգտելու համար, չի անվանում նրանց ռևանշիստներ և չի պախարակում իրեն քննադատելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշխարհի դեմոկրատական երկրները քաղաքական պայքարի հստակ համակարգ են ձևավորել` կուսակցությունների միջոցով իշխանության գալու ուղին: Մեկը կամ մի քանիսը կոալիցիոն կառավարման եղանակով գալիս են իշխանության, մյուսները զբաղեցնում են ընդդիմադիր դաշտն ու պայքարում հաջորդ ընտրություններում հաջողելու համար:
Ընտրությունների միջև ընկած ժամանակամիջոցում իշխող քաղաքական ուժը փորձում է լավ կառավարել և ընտրողին համոզել, որ լավ է կառավարում երկիրը: Իսկ ընդդիմադիր ուժերը փորձում են ապացուցել, որ իրենք ավելի լավ կկառավարեն, և դրա համար շարունակ բացահայտում են կառավարող ուժի սխալներն ու վրիպումները:
Սա է քաղաքական պայքարի պարզունակացված բանաձևը: Սակայն ոչ մի երկրում իշխող ուժը չի մեղադրում ընդդիմադիրներին իշխանության գալու ձգտման համար, չի անվանում նրանց ռևանշիստներ և չի պախարակում իրեն քննադատելու համար:
Ավելին` ոչ մի քաղաքական ուժ, գալով իշխանության, չի փորձում ներշնչել հասարակությանը, որ նախկին իշխանությունները հանցագործ էին, և իրավունք չունեն քաղաքական դաշտում տեղ զբաղեցնել ու կրկին ձգտել իշխանության:
Օրինակ` ամերիկյան հասարակությունում դեմոկրատական և հանրապետական կուսակցությունները հերթագայում են միմյանց, ասենք` դեմոկրատ Բիլ Քլինթոնի մտքով չէր անցնում, որ իր նախորդին` Ջորջ Բուշ ավագին, անվանի թալանչի ու սրիկա և կոչ անի այլևս երբեք չընտրել Հանրապետական կուսակցությանը:
Ավելին` Քլինթոնին կրկին հաջորդեցին հանրապետականները, այն էլ` Ջորջ Բուշ կրտսերը: Հետո նորից եկավ դեմոկրատների ժամանակը, իսկ այսօր իշխանության գլխին է հանրապետական Թրամփը: Անգամ եթե նախկինների կոռուպցիոն գործարքները բացահայտվում են, և քրեական գործեր հարուցվում, կուսակցությունների դեմ պայքար չի տարվում»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: