Ինչպես է ընթացել «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքը (Ֆոտոշարք)
Օգոստոսի 16-ին Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար
Հայրապետյանն այցելել էր «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական
հավաք: Մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացրել, մարզել միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում էին նաև 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:
Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցել է եզրափակիչ մրցաշարին,
որտեղ կիսաեզրափակչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը:
«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների
մասին»,-իր խոսքում նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Անմասն չմնալով շախմատային միջավայրից՝ Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա խաղաց:
Հավաքին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ սույն թվականի օգոստոսի 11-ին մեկնարկել էր Երևանի շախմատի ֆեդերացիայի «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաքը: Մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները 7 օր շարունակ մարզվում, խաղում և թարմացնում էին գիտելիքները:
Շախմատային վարպետության դասեր, սպորտային միջոցառումներ, միաժամանակյա խաղաշարեր. պատանի շախմատիստների մեկշաբաթյա օրակարգն ավելի հարուստ էր, քան կարելի էր նկարագրել: Երեխաներին ուղեկցում էին 8 մարզիչներ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ: