Կուման․ Հույս ունեմ, որ Մեսին դեռ մի քանի տարի էլ կխաղա «Բարսելոնայում»
«Բարսելոնայի» նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հույս է հայտնել, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին չի հեռանա կատալոնական թիմից։
«Սա հեղափոխություն չէ։ Մենք պետք է ձգտենք ակումբի համար լավագույնին։ Եթե դրա համար պահանջվեն փոփոխություններ, մենք կանենք դա։ Ամեն ինչ կձեռնարկենք՝ խաղացողների հետ խոսելուց հետո։ Մենք հասկանում ենք, որ «Բավարիայի» հետ խաղում մեր տեսած «Բարսելոնան» այն չէ, ինչ ցանկանում ենք։
Մեսին ունի պայմանագիր։ Նա կարեւոր է, եւ ես ցանկանում եմ, որ Մեսին մնա թիմում։ Նա լավագույնն է աշխարհում եւ հաղթանակներ է բերում։ Շատ ուրախ եմ, եթե նա ցանկանում է մնալ։ Հույս ունեմ, որ նա դեռ մի քանի տարի էլ կխաղա «Բարսելոնայում»։ Մենք պատրաստվում ենք քննարկել պայմանագրեր մի քանի խաղացողների հետ»,- Կումանի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
57-ամյա մասնագետը «Բարսելոնայի» հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։