ՀԱՊԿ հավաքական ուժերը «Էշելոն-2020»-ի ընթացքում ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի ծավալմանը
Ռուսաստանի Աստրախանի երկրամասի «Կապուստին Յար» զորավարժարանում անցկացվող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման համատեղ ուժերի «Էշելոն-2020» զորավարժության առաջին փուլի ընթացքում մասնակիցները ձեռնամուխ են եղել նյութատեխնիկական շրջանի բացազատմանը: Այս մասին տեղեկացրել են Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Վարժանքի ընթացքում առաջին անգամ մշակվում են ռուսական զորքերի ստորաբաժանումների և օտարերկրյա զորակազմի գործնական գործողությունները, որոնք մասնակցում են ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկայի վերանորոգման, զորքերի ծավալման ժամանակ վառելանյութի լիցքավորման և նյութական միջոցների փոխադրման վարժանքներին:
Զորավարժությունում Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ներկայացուցիչ, ավագ լեյտենանտ Սևակ Խաչատրյանի խոսքով՝ «Էշելոն-2020»-ն օգտակար է զորավարժություններին մասնակցող բոլոր կողմերի համար:
«Մենք այսօր այստեղ շատ նոր բաներ տեսանք: Սա շատ լավ ու օգտակար փորձ է մեզ համար, եթե ամեն տարի համատեղ այսպիսի զորավարժություններ լինեն, դա մեզ բոլորիս համար օգտակար կլինի»,- նշել է Խաչատրյանը:
Զորավարժություններին, որն ընթանալու է մինչև օգոստոսի 20-ը, ներգրավված է շուրջ 1000 զինծառայող և մոտ 250 միավոր զինտեխնիկա: