Մերկելը մտադիր է Պուտինի հետ քննարկել Բելառուսում իրավիճակը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդեին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Բելառուսում իրավիճակը քննարկելու մտադրության մասին, հայտնում է DW-ն։
Լիտվայի առաջնորդի հետ հեռախոսային բանակցությունների ժամանակ Գերմանիայի կանցլերը շնորհակալություն է հայտնել Լիտվային Սվետլանա Տիխանովսկայային ցուցաբերած օգնության համար եւ հետաքրքրվել նրա վիճակով ու ապագայի ծրագրերով։
«Անգելա Մերկելը Գիտանաս Նաուսեդեին տեղեկացրել է, որ երեքշաբթի առավոտյան տեղի են ունենալու իր բանակցությունները Ռուսաստանի նախագահի հետ։ Բեռլինը ներկայումս դիվանագիտական խողովակներով նաեւ փորձում է կապ հաստատել Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ՝ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով»,- հաղորդվում է Լիտվայի նախագահի կայքում։
Մինչդեռ ավելի վաղ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ կիրակի իրեն է զանգահարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ «զրուցելու» համար։
Գերմանիայի կառավարությունից, սակայն, Բեռլինից Մինսկ զանգի փաստը հերքել էին։