Նեղացկոտ Էրդողանը մտադիր է ևս մեկ դատական հայց ներկայացնել ընդդիմության առաջնորդի դեմ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է եւս մեկ հայց ներկայացնել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդի դեմ՝ փոխհատուցում պահանջելով այն պնդումների համար, թե Էրդողանն ու նրա ընտանիքը հսկայական հարստություն ունեն արտերկրում, հայտնում է Sabah թերթը:
ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն Cumhuriyet daily-ին տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիայի նախագահը եւ նրա ընտանիքի անդամները պետք է գումարը վերադարձնեն երկիր: «Եթե Էրդողանը եւ նրա ընտանիքը սիրում են ժողովրդին, նրանք կվերադարձնեն»,- ասել է նա:
Էրդողանը մտադիր է 2 միլիոն լիրա (մոտ 270 600 դոլար) պահանջել՝ որպես վնասի փոխհատուցում: «Չնայած նախկինում նման անհիմն հայտարարությունների համար վնասի փոխհատուցմանը, Քեմալ Քըլըչդարօղլուն շարունակում է ստի եւ զրպարտանքի իր քաղաքականությունը»,- ասել է Էրդողանի փաստաբան Ահմեթ Օզելը:
Փետրվարին Էրդողանը դատական հայց էր ներկայացրել Քըլըչդարօղլուի դեմ՝ նրա այն հայտարարության համար, թե Էրդողանը 2016 թվականի հուլիսին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆեթուլլա Գյուլենի շարժման քաղաքական թեւի բարձրագույն դեմքն է։