Ալիևը փոխել է Վրաստանում Ադրբեջանի դեսպանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆայիա Մագբեթ օղլու Գուլիևային Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Մեկ այլ հրամանագրով՝ Դուրսուն Հասանովը հետ էր կանչվել Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Հուլիսի 12-21-ը Հայաստանի Հանրապետության սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում Ադրբեջանի նախագահը դժգոհել էր երկրի դիվանագիտական կորպուսից, մասնավորապես՝ տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպաններից: Ալիևը նշել էր, որ որոշ դեսպաններ չեն կարողանում պատշաճ մակարդակով պաշտպանել Ադրբեջանի շահերը: Ալիևը նախ պաշտոնանկ արեց Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովին, ապա նոր նախարար Ջեյհուն Բայրամովին հանձնարարեց զբաղվել դեսպանների խնդրով:
Օգոստոսի 17-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Էլդար Հասանովին հետ է կանչել Սերբիայում, Չեռնոգորիայում և Բոսնիա և Հերցեգովինայում Ադրբեջանի դեսպանի պաշտոնից: Ֆինանսական ստուգումների արդյունքում հիմնավոր ապացույցներ էինք ձեռք բերվել, որ Հասանովը թույլ է տվել բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափի գումարի վատնում և կատարել է մի շարք այլ իրավախախտումներ: Օգոստոսի 13-ին Էլդար Հասանովը ձերբակալվել էր, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մինչև նոյեմբերի 3-ը: