Վարդենիկ համայնքում ասֆալտապատվում է 6 կմ երկարությամբ ճանապարհ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքում ծանոթացել է 6 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշեց, որ համայնքում վերանորոգրվում է 12 ճանապարհ, որից 10-ն առաջին անգամ է ասֆալտապատվում։
Վարդենիկ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը նշեց, որ նախորդ տարի էլ վերանորոգվել է 11 ճանապարհ։
«2019 թվականին ասֆալտապատման աշխատանքների համար ծախսվել 260 մլն դրամ, իսկ այս տարի՝ 300 մլն։ Վերջին երկու տարում ավելի քան 20 փողոց են ասֆալտապատվել սուբվենցիոն ծրագրերով։ Դրանք նախկինում երբեք ասֆալտապատված չեն եղել»,- նշեց Հովեյանը։
Նա հայտնեց, որ 2020 թվականին Վարդենիկ համայնքում իրականացվում են 4 սուբվենցիոն ծրագրեր՝ ասֆալտապատում, խորքային հորերի վերականգնում, փողոցների լուսավորության ապահովում, ինչպես նաև երաժշտական դպրոցի հիմնանորոգում։
Հովեյանը շեշտեց, որ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի միջոցով գրեթե 100 տոկոսով ապահովվել է գյուղի փողոցային լուսավորությունը։
«Մենք պետք է հերթով, տարեցտարի առաջ գնանք և վերանորոգենք բոլոր ճանապարհները։ Մենք պետք է զարգացնենք եռակողմ սուբվենցիայի գաղափարը, այսինքն՝ բարերարները, երբ ցանկանան մասնակցել իրենց համյանքների զարգացման գործին, պետք է նրանց նույնպես ներգրավել այս ծրագրերում»,- ընդգծեց Փաշինյանը։
Ի լրումն վարչապետի խոսքի՝ համայնքապետը նշեց, որ արդեն իսկ բազմաթիվ բարերարներ ներգրավված են տարբեր ծրագրերում։