Սանկտ Պետերբուրգում տեղադրել են Վիկտոր Ցոյի արձանը
Վիկտոր Ցոյի մահվան 30-ամյա տարելիցի նախօրեին Սանկտ Պետերբուրգում Վետերանների պողոտայի եւ Տանկիստ Խրուստիցկիի փողոցի խաչմերուկում տեղադրվել է «Կինո» խմբի առաջնորդ Վիկտոր Ցոյի չորսմետրանոց հուշարձանը, հաղորդում է «Ֆոնտանկա»-ն։
Արձանի հեղինակն է Մատվեյ Մակուշկինը։ Ցոյը կանգնած է՝ ձեռքերը դրած կիթառին, իսկ պատվանդանին գրառումը մեջբերում է «Արյան խումբ» հայտնի երգը․ «Վճարելու բան կա, բայց ես չեմ ուզում հաղթել ամեն գնով»։ Այդ տողերի ներքեւում գրված է «Հաջողություն» մաղթանքն ու արտիստի ստորագրությունը։
Միլիոնավոր մարդկանց կուռքի հուշարձանը որոշվել էր տեղադրել դեռեւս 2015 թվականին, սակայն կազմակերպիչները՝ «Վիկտոր Ցոյի հիշատակի» հիմնադրամը, բախվել էին մի շարք դժվարությունների հետ՝ ներառյալ տեղի բնակիչների բողոքը, որոնք մտահոգվում էին, որ հուշարձանի շուրջ կսկսեն հավաքվել երկրպագուներն ու տարածքը կդառնա աղմկոտ եւ ոչ անվտանգ։ 2018 թվականին Սմոլնին, այնուամենայնիվ, թույլատրել էր հուշարձանի տեղադրումը։
Հուշարձանի հանդիսավոր բացման ամսաթիվը դեռեւս հայտնի չէ համաճարակաբանական իրավիճակի կապակցությամբ․ ակնկալվում է, որ դա տեղի կունենա մինչեւ օգոստոսի վերջ։