ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի 4 հավակնորդները
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումների ավարտից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։
Մրցանակին հավակնում է Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը, որը իտալական «Ատալանտայի» դեմ խաղում կատարել է մեկ գոլային փոխանցում։ ՊՍԺ-ն կամային հաղթանակ է տարել 2։1 հաշվով։
Քառյակում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգի» ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Դայոտ Ուպամեկանոն, որը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում երկու անգամ գնդակը հանել է սեփական դարպասային գծից։ «ՌԲ Լայպցիգը» հաղթել է 2։1 հաշվով։
Մրցանակի գլխավոր հավակնորդն է «Բարսելոնայի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձած գերմանացի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը։ «Բավարիան» հաղթել է 8։2 հաշվով։
Նրա հետ հավասար շանսեր ունի «Լիոնի» ֆրանսիացի հարձակվող Մուսա Դեմբելեն, որը անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ դիմակայությունում փոխարինման դուրս եկավ 75-րդ րոպեին եւ հասցրեց դառնալ դուբլի հեղինակ։ Ֆրանսիական թիմը հաղթեց 3։1 հաշվով եւ պատմության մեջ երկրորդ անգամ դուրս եկավ այս մրցաշարի կիսաեզրափակիչ։