Կյանքից հեռացել է ԱՄՆ նախագահի եղբայրը՝ Ռոբերտ Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կրտսեր եղբայր Ռոբերտը մահացել է 72 տարեկանում։
ԱՄՆ նախագահը հայտարարել է իր եղբոր մահվան մասին շաբաթ երեկոյան։
«Ցավով կիսվում եմ ձեզ հետ նրանով, որ իմ հրաշալի եղբայր Ռոբերտը կյանքից հեռացել է այս երեկոյան։ Նա սովորական եղբայր չէր, նա իմ լավագույն ընկերն էր։ Ես կկարոտեմ նրան, սակայն մենք կրկին կհանդիպենք։ Նրա հիշատակը կապրի իմ սրտում հավերժ։ Ռոբերտ, ես սիրում եմ քեզ։ Հանգչիր խաղաղությամբ»,-նշվում է Դոնալդ Թրամփի հայտարարության մեջ, որը հրապարակել է Սպիտակ տունը։
Ուրբաթ ԱՄՆ նախագահը տեսակցել էր իր կրտսեր եղբորը Նյու Յուրքի հոսպիտալում։ ABC հեռուստաալիքն ավելի վաղ հայտարարել էր Ռոբերտ Թրամփի հոսպիտալացման մասին առողջական ծանր խնդիրների կապակցությամբ։ Աղբյուրները չեն հայտնում մանրամասներ հիվանդության մասին։
«Ես ունեմ հիանալի եղբայր, որի հետ ունեմ շատ լավ հարաբերություններ։ Նա այժմ գտնվում է հիվանդանոցում։ Հուսանք, որ նրա հետ ամեն ինչ լավ կլինի»,-ասել է Թարմփը։
Այս ամառ Ռոբերտ Թրամփը փորձում էր դատական կարգով թույլ չտալ երկրի ղեկավարի զարմուհի Մերի Թրամփի սկանդալային գրքի հրապարակումը (Too Much And Never Enough: How My Family Created the World's Most Dangerous Man)։ Գիրքը լույս էր տեսել հուլիսին, դրանում Ամերիկայի առաջնորդի զարմուհին, որն ունի դոկտորական աստիճան կլինիկական հոգեբանության ոլորտում, պնդում է, որ Դոնալդ Թրամփն ընտանիքի բացասական ազդեցության հետեւանքով զրկված է ուրիշ մարդկանց կարեկցելու ունակությունից եւ տառապում է բազմաթիվ բարդույթներով։