«Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել Պոչետինոյին
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» 2։8 հաշվով պարտվելուց հետո «Բարսելոնայի» ղեկավարությունը մեկ տարվա պայմանագիր է առաջարկել արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին, հաղորդում է Sport.es-ը։
Պոչետինոն անցած տարի Լոնդոնի «Տոտենհեմից» հեռացվելուց հետո աշխատանք չունի։ Նշվում է, որ կատալոնական ակումբի նախագահ Բարտոմեուն դեռ հունվարին է ցանկացել Էռնեստո Վալվերդեի պաշտոնանկությունից հետո նշանակել Պոչետինոյին, սակայն ակումբի մարզական տնօրեն Էրիկ Աբիդալը համոզել է վստահել Էնրիկե Սետիենին։
48-ամյա Պոչետինոն պահանջում է երեք տարվա պայմանագիր։ «Բարսելոնան» ցանկանում է կնքել մեկ տարվա պայմանագիր եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Պոչետինոյի թեկնածությանը կողմ է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին։