Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են առաջին կիսամյակում կատարված աշխատանքները
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն 2020 թվականի օգոստոսի 14-ին այցելել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, հանդիպումը նախաձեռնել էր տեսչական մամնի ղեկավարի ժ/պ Գնել Հասրաթյանը: Մասնակցում էին Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալ՝ Տարոն Հակոբյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ՝ Վրեժ Գալոյանը և մի շարք պաշտոնատար անձիք։
Ողջույնի խոսքում ԱրթուրԱսոյանը շնորհակալություն է հայտնել արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված նոր կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության կանխարգելմանն ուղղված ամենօրյա վերահսկողական գործառույթները պատշաճ կազմակերպելու համար, նաև կարևորել ստուգումների, ուսումնասիրությունների ընթացքում հանդիպող խնդիրների ու խոչընդոտների վերհանումը, գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու մեխանիզմները, օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները։
Գնել Հասրաթյանը ներկայացրել է տեսչական մարմնի 2020 թվականի ընթացքում իրականացվելիք ստուգումների, տարեկան գործունեության ծրագրերով նախատեսված միջոցառումների ընթացքն ու ժամանակացույցը, առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները և այլ հաշվետվություններ։
Քննարկվել են ԲԸՏՄ կառավարման խորհրդի առաջիկա նիստի օրակարգային հարցեր, դոնոր կազմակերպությունների հետ նախատեսված ծրագրերի ուղղությունները, համագործակցության ռազմավարությունը, բյուջետային ֆինանսավորման մի շարք հարցեր։