Բրիտանացին 3 տարի ձևացրել է, թե քաղցկեղ ունի՝ սիրելիին չկորցնելու համար (լուսանկար)
Մեծ Բրիտանիայի 38-ամյա բնակիչ Քևին Բևիսը երեք տարի անընդմեջ ձևացրել է, թե հիվանդ է քաղցկեղով, որպեսզի 50-ամյա սիրելին չբաժանվի իրենից, գրում է Daily Mail պարբերականը:
Զույգը միասին է եղել 2016 թվականից: Հարաբերությունների սկզբում բրիտանացու ընկերուհուն՝ Կառեն Գրեգորիին, դուր էր գալիս նրա ջենթլմեն լինելը, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք «համատեղելի չեն անկողնում»:
Երեք ամիս անց բրիտանուհին որոշել է վերջ դնել իրենց հարաբերություններին, ինչից հետո էլ Քևինը հայտնել է սիրելիին, թե ստամոքսի քաղցկեղ ունի:
Սիրելիի վրա տպավորություն գործելու համար տղամարդը քայլել է ձեռնափայտով և ամեն օր վիտամինի 20 հաբ կուլ տվել՝ ներկայացնելով, թե մահացու հիվանդության դեմ դեղահաբեր են: Որոշ ժամանակ անց Քևինը «բարդացրել» է իր հիվանդությունը՝ հայտարարելով, թե գլխուղեղի և բերանի խոռոչի քաղցկեղ էլ ունի:
Տղամարդն իր «ախտորոշման» մասին անգամ իր ծնողներին ու աղջկա ընկերներին է ասել: Բրիտանացու ընկերուհին պատմել է, որ չէր ցանկանում շարունակել հարաբերությունները Քևինի հետ, սակայն «չէր էլ կարող նրան թողնել այդպես մեռնել»:
Սակայն, չնայած «հիվանդությանը», նա շարունակել է բռնության ենթարկել սիրելիին: Հերթական բռնությունից հետո 2019 թվականին Գրեգորիի դուստրը համոզել է մորը ոստիկանություն դիմել:
Արդյունքում բրիտանացին խոստովանել է, որ այսքան տարիներ խաբել է սիրելիին: Տղամարդուն դատապարտել են 18 ամսվա ազատազրկման և արգելել մոտենալ Կառենին: