Մահազդ. Կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական Մառլեն Սաթյանը
Օգոստոսի 10-ին կյանքից հեռացել է տաղանդավոր գիտնական, գիտությունների դոկտոր, Ա. Շիրակացու անվան պետական մրցանակի դափնեկիր, Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Նկարիչների միության պատվավոր անդամ Մառլեն Ակիմի Սաթյանը:
Մ. Ա. Սաթյանը ծնվել է 1930 թվականի սեպտեմբերի 18-ին Լենինականում: Մանկությունն անցկացրել է Թեհրանում, Ռյազանում, Երեւանում:
Ձերժինսկու անվան դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի երկրաբանահետախուզական ինստիտուտ, որտեղ նրան դասավանդել են ականավոր գիտնականներ՝ Մ. Վ. Մուրատովը, Վ. Վ. Բելոուսովը, Ա. Ա. Բոգդանովը:
Չնայած ուսումը Մոսկվայում շարունակելու առաջարկներին՝ Մ. Ա. Սաթյանը վերադառնում է Հայաստան, որտեղ 2 տարի պրակտիկայից հետո ընդունվում է ասպիրանտուրա ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայում:
1961 թվականին հաջողությամբ պաշտպանում է թեկնածուական դիսերտացիան Տաշքենդում, 1979-ին՝ դոկտորական դիսերտացիան Նովոսիբիրսկում:
Աշխատել է՝
1954-1956՝ Հայաստանի երկրաբանության վարչության կուսակցությունների երկրաբան;
1956-1959՝ ասպիրանտ;
1960-1964՝ գիտքարտուղար;
1964-1973՝ ավագ գիտաշխատող,
1973-1975՝ ԵԳԻ տնօրենի պաշտոնակատար;
1975-1988՝ տարածաշրջանային երկրաբանության եւ լիթոլոգիայի բաժնի վարիչ;
1986-1988՝ եկրաբանության ինստիուտի գիտության գծով տնօրենի տեղակալ;
1988-2008՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ լիթոլոգիայի լաբորատորիաների վարիչ;
2008-ից՝ առաջատար գիտաշխատող:
Աշխատել է երկրաբանության ինստիտուտում ավելի քան 60 տարի: Գիտական գործունեության հետ մեկտեղ՝ Մառլեն Սաթյանն ամեն տարի դաշտային աշխատանքներ է կատարել Հայաստանի, Ղարաբաղի տարածքներում: Ճանապարհորդել է Միջին Ասիայից մինչեւ Սիբիր, Սախալինից մինչեւ Կուրիլյան կղզիներ:
Ղեկավարել է միջազգային էքսկուրսիաներ եւ կոնֆերանսներ, 1984-ին պարգեւատրվել է Միջազգային կոնգրեսի պատվոգրով եւ արծաթե շքանշանով: Մասնակցել է Իտալիայում, Ֆրանսիայում միջազգային կոնֆերանսներին, աշխատել է Ավստրիայում իր ավստրիացի գործընկերների հրավերով:
Մ. Ա. Սաթյանի ղեկավարությամբ առաջին անգամ կազմվել է Հայաստանի լիթոլոգիական քարտեզը, ապացուցվել է Անդրկովկասում Վեդիի եւ Զանգեզուրի օֆիոլիթային գոտիների առկայությունը, հայտնաբերվել են մետաղակիր սիլիցիտների պաշարներ, բացահայտվել են ալկալային լամպրոֆիրների պայթյունի խողովակները: Դիտարկվել են Հայաստանում կրեմնիումի եւ կարբոնատային հումքի, նավթի եւ գազի, ոսկու տեղակայման օրինաչափությունը: Ուսումնասիրվել է Սեւանա լճի էկոլոգիայի խնդիրը:
Նրա ղեկավարած ամբիոնում դոկտորական դիսերտացիաներ են պաշտպանել 5 աշխատակիցներ, թեկնածուական՝ 6 աշխատակիցներ, հրապարակվել է 17 մոնոգրաֆիա:
Սպիտակի երկրաշարժի առաջին օրերից Մ. Ա. Սաթյանը գտնվել է աղետի գոտում, ղեկավարել ինտեգրացիոն սեյսմոլոգիական գիտարշավը, օգնություն ցուցաբերել Ճապոնիայից, ԱՄՆ-ից, Բրիտանիայից ժամանած գիտնականներին:
1984-ին եղել է լիթոլոգիայի հարցերով համամիութենական միջգերատեսչական կոմիտեի հայկական բաժնի ղեկավարը, Հայաստանի երկրաբանական կազմակերպության ղեկավարի տեղակալը, ՀՀ ԱԺ երկրաբանության եւ էկոլոգիայի հարցերով փորձագետ:
Մ. Ա. Սաթյանը եղել է բժշկության ոլորտում 2 պատենտի հեղինակը, 1995 թվականից հաջողությամբ փորձարկվել եւ պրակտիկայում կիրառվել են կենսաակտիվ նյութերը (օնկոհիվանդությունների, հենաշարժիչ ապարատի բուժման համար):
Նրա հետաքրքրությունները չէին սահմանափակվում գիտական ոլորտով: Մ Ա. Սաթյանը հետաքրքրվում էր պատմությամբ, երաժշտությամբ, արվեստով, նկարչությամբ, Նկարիչների միության պատվավոր անդամ էր:
Վերջին տարիներին նա խիստ մտահոգված էր Հայաստանում ոչ կիրառական գիտության հեղինակության անկմամբ: Մինչեւ կյանքի վերջին օրը՝ չնայած առողջության վատթարացմանը, նա հետաքրքրվում էր գիտության ոլորտով, ԳԱ ձեռքբերումներով:
Մրցանակներն ու ձեռբքերումները (հիմնական)՝
1980՝ երկրաբանամիներալոգիական գիտությունների դոկտոր;
1998՝ Հայաստանի պատվավոր երկրաբան, Ռուսաստանի էկոլոգիական ակադեմիայի անդամ;
2003՝ Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի անդամ;
«Հայրենական պատերազմում անձնվեր աշխատանքի համար» մեդալ;
Հայաստանի ԳԱ պրեզիդիումի պատվոգիր;
27-րդ Միջազգային երկրաբանական կոնգրեսի պատվոգիր;
Անանիա Շիրակացու մեդալ ականավոր գիտական ձեռբքերումների եւ բացահայտումների համար: