Եթե մտնենք Մաքսային միություն չենք ունենա աճ, որովհետև Բելառուսը, Ղազախստանը զարգացած երկրներ չեն. Ահարոն Ադիբեկյան
Հայաստանն առաջընթաց կունենար, եթե ԵՄ-ի հետ ստորագրեր ասոցացման պայմանագիրը, սակայն Հայաստանը ընտրեց Մաքսային միությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսոքով' եթե մտնենք Մաքսային միություն, կապը կկորցնենք Եվրոպայի հետ, Եվրոպան չի խմի մեր կոնյակը, չի ուտի մեր ծիրանը, որովհետև ինքն ունի իր պաշարը: Եթե մենք մտնենք Մաքսային միություն, չենք ունենա աճ, որովհետև Բելառուսը, Ղազախստանը զարգացած երկրներ չեն:
Ահարոն Ադիբեկյանի խոսքով' դրսում է աշխատանքի հեռանկարով հայ երիտասարդների զգալի մասը: Անկախ նրանից, մասնագետ ես, թե ոչ, միևնույն է՝ գործ չունես, իսկ ունենալու դեպքում վարձատրությունը շատ ցածր է: Բնակչության 40-45 տոկոսը ռուսամետ է, 20-25 տոկոսը՝ եվրոպամետ, երրորդ տեղում Իրանն է, չորրորդում՝ ԱՄՆ-ն: