ԵՄ 24 երկիր բողոքի նոտա է ստորագրել ԱՄՆ-ի միջամտության դեմ «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը
Եվրամիության 24 երկիր բողոքի նոտա է ստորագրել ընդդեմ ԱՄՆ-ի միջամտության «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Եվրոպական դիվանագիտական շրջանակներում Die Welt-ի հետ զրույցում հաստատել են, որ միջազգային իրավունքի խախտման մեղադրանք պարունակող դեմարշն ԱՄՆ ԱԳՆ է ուղարկվել դեռ չորեքշաբթի օրը:
Չնայած ԵՄ ոչ բոլոր անդամներն են մասնակցում կամ աջակցում գազատարի կառուցմանը, համագործակցությանը հաջողվել է գրեթե միասնական դիրքորոշում մշակել: Ընդամենը երեք երկիր է հրաժարվել աջակցել բողոքի նոտային. տեղեկություններ այն մասին, թե դրանք որ երկրներն են, դեռ չկան, հայտնում է DW-ն:
Դեմարշի բովանդակությունը կրկնում է ԵՄ արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունը, որն արվել էր դեռ հուլիսի 17-ին: Դրանում նա խորը մտահոգություն էր հայտնել եվրոպական ընկերությունների եւ դրանց շահերի դեմ պատժամիջոցների աճող քանակի կապակցությամբ: «Եվրոպական քաղաքականությունը պետք է որոշվի Եվրոպայում, այլ ոչ թե երրորդ երկրների կողմից»,- ասել էր նա:
ԱՄՆ-ն դեմ է հանդես գալիս «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցմանը: Նրանց կարծիքով` այն կմեծացնի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից: Բալթիկ ծովի հատակով խողովակների անցկացման աշխատանքերը դադարեցվել են` եվրոպական կապալառուների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կապակցությամբ, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերին:
Միջոցները Միացյալ Նահանգներ մուտքի արգելք են ներառում են այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ ցանկացած ակտիվների սառեցում երկրի տարածքում: