ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին կոչ է անում չօգտվել ԵՄ սև ցուցակում գտնվող հայկական ավիաըկերություններից.168․am
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն արգելել է իր աշխատակիցներին ճամփորդել որևէ հայկական ավիաընկերությամբ և նույնը հորդորում է անել ԱՄՆ քաղաքացիներին․ գրում է 168.am-ը։
«2020 թվականի հունիսին Եվրամիությունը (ԵՄ) բոլոր հայ ավիափոխադրողներին ավելացրեց ԵՄ օդային անվտանգության «սև» ցուցակի մեջ` կապված Հայաստանում հավաստագրված ավիափոխադրողների անվտանգության վերահսկողության վերաբերյալ մտահոգությունների հետ:
Սահմանափակումը մինչև 2022 թվականն արգելում է բոլոր հայկական ավիափոխադրողներին թռչել ԵՄ երկրներ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ԱՄՆ դեսպանության աշխատակազմին արգելվում է օգտվել հայկական ավիափոխադրողներից պաշտոնական ուղևորություններ կատարելու համար: Սա ներառում է ստորև բերված սուբյեկտները, բայց չի սահմանափակվում դրանցով ՝ Aircompany Armenia, Armenia Airways, Հայկական ուղղաթիռներ, Atlantis Armenian Airlines, Atlantis European Airways, Mars Avia և Skyball»,- ասված է դեսպանության հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին 168.am-ը գրել էր այն մասին, որ Իսրայելից ևս «սև թուղթ» ենք ստացել, որի հիմքում ընկած է Հայաստանի՝ ԵՄ «սև ցուցակում» ընդգրկվելու հարցը: Ըստ էության Իսրայելը նույնպես արգելել էր հայկական ավիաընկերությունների մուտքն իր երկրի օդային տարածք:
Տեղեկացնենք, որ Հայաստան-Իսրայել օդային ուղիղ կապն ապահովող միակ ավիաընկերությունը կրկին «Արմենիա» ավիաընկերությունն էր:
Ավելի վաղ էլ գրել էինք, որ այս տարվա հունիսին Եվրահանձնաժողովը թարմացրել է ԵՄ օդային անվտանգության ցուցակի՝ այն ավիաընկերությունների ցանկը, որոնք ենթակա են գործողության արգելքի կամ գործողության սահմանափակումների Եվրամիության ներսում, քանի որ դրանք չեն բավարարում անվտանգության միջազգային չափանիշերին:
Եվ այդ «սև ցուցակում» ընդգրկված թվով 16 պետությունների շարքում հայտնվեց նաև Հայաստանի Հանրապետությունը՝ իր 7 ավիաընկերություններով: