ՀՀ նախագահի մրցանակն անվանափոխվել է
«Հայաստան» համահայկական հիմնադրամի և Պողոսյան հիմնադրամի «ՀՀ նախագահի մրցանակ» համատեղ ծրագիրը՝ ելնելով պետական պարգևներին և պետական մրցանակներին վերաբերող ՀՀ օրենքների փոփոխություններից, կողմերի համաձայնությամբ անվանափոխվելէ և այսուհետ կկոչվի «Պողոսյան մրցանակ» ծրագիր։
Այս պահին ընթանում է Պողոսյան մրցանակին վերաբերող օժանդակ նյութերի (այդ թվում՝ արարողակարգային) վերաբրենդավորումը։ Ամենամյա մրցանակը կշարունակի ֆինանսավորել այն 2000 թվականին նախաձեռնած Պողոսյան հիմնադրամը (Բելգիա-Շվեյցարիա), մրցանակաբաշխության ամբողջ գործընթացը կշարունակի կազմակերպել «Հայաստան» համահայկական հիմնադրամը, մրցանակները ՀՀ նախագահի նստավայրում կհանձնեն Հանրապետության նախագահը և Պողոսյան հիմնադրամի ներկայացուցիչը։
2020 թվականի մրցանակաբաշխությունը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, հետաձգվել է համավարակի պատճառով, և տեղի կունենա, ամենայն հավանականությամբ, այս աշնանը։ 2020 թվականի մրցանակակիրներին կշնորհվի Պողոսյան մրցանակ, մրցանակի 8 հիմնական անվանակարգերի համար ընդունված 61 և Երիտասարդական մրցանակի 116 հայտերն ուժի մեջ են։