ՊՍԺ-ի նախագահ. Նեյմարն ու Մբապեն երբեք չեն հեռանա ՊՍԺ-ից
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում իտալական «Ատալանտայի» նկատմամբ 2։1 հաշվով կամային հաղթանակից հետո խոսել է թիմի առաջատարների մասին:
«Սա առանձնահատուկ օր է: Այս ամենը հարկավոր էր մեզ, որպեսզի փոխենք մեր մտածելակերպը: Խաղացողները ներդրեցին ուժերի 200 տոկոսը, ես հպարտ եմ: Բոլորը կասկածում էին ՊՍԺ-ի հնարավորությունների վրա:
Նեյմարն ու Մբապեն աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից են: Նեյմարը հանդիպման լավագույն խաղացողն էր: Նա անցկացրեց հրաշալի խաղ: Նեյմարը շատ բան է փոխել թիմում: Ես յուրահատուկ ինչ-որ բան զգացի: Նրանք երկուսն էլ կմնան ու երբեք չեն հեռանա թիմից»,- Նասեր Ալ-Հելաիֆիի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն 1995-ից հետո առաջին անգամ է նվաճում Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Այս տարի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով: Կիսաեզրափակիչում ՊՍԺ-ն կմրցի գերմանական «ՌԲ Լայպցիգի» եւ Մադրիդի «Աթլետիկոյի» դիմակայության հաղթողի հետ։