«Անհամբերությամբ սպասում եմ դիտմանը». սուպերմոդել Թայրա Բենքսը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմի մասին
Ամերիկացի սուպերմոդել, դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Թայրա Բենքսը Twitter-ում վերահրապարակել է պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանի գրառումը «Խոստումը» ֆիլմի մասին, որը պատմում է Հայող ցեղասպանության մասին։ Իսրայելյանը պատմել է, որ Netflix սրթիմինգային ծառայությունը ցուցադրության համար ձեռք է բերել ֆիլմը, իսկ Թայրա Բենքսը հայտարարել է, որ «անհամաբերությամբ սպասում է դիտելուն»։
«Մենք ուրախ ենք հայտնել, որ «Խոստումը» ձեռք է բերվել Netflix-ի կողմից օգոստոսի 8-ից։ Շնորհակալություն բոլորիդ աջակցության համար, եւ մենք գիտենք, որ այժմ սա ավելի շատ կբարձրացնի տեղեկացվածությունը։ Ամեն ինչ մեր թանկագին ընկեր եւ ուսուցիչ Քըրք Քրքորյանի անսահման առատաձեռնության եւ մեր թիմի շնորհիվ է»,- գրել է Էրիկը։
«Խոստումը» ամերիկյան դրամատիկ ֆիլմ է, որը հիմնված է հայոց ցեղասպանության եւ Օսմանական կայսրության վերջին տարիների իրադարձությունների վրա։ Ռեժիսորը Թերի Ջորջն է, գլխավոր դերերում են Օսկար Այզեկը, Քրիստիան Բեյլը եւ Շորլոտ Լե Բոնը։ Պրեմիերան տեղի է ունեցել 2016թ.-ի սեպտեմբերի 11-ին Տորոնտոյում կինոփառատոնի ընթացքում։ Կինոթատրոններում վարձույթը սկսվել է 2017թ.-ի ապրիլի 21-ից։
Ֆիլմը պատմում է Հայաստանից բժիշկ ուսանող Միքայելի (Այզեկ), Փարիզում բնակվող ամերիկացի լրագրող Քրիսի (Բեյլ) եւ Ֆրանսիայում ծնված հայ աղջիկ Աննայի (Լե Բոն) միջեւ սիրային եռանկյունու մասին։ Ֆիլմը դրամարկղային ձախողում է ունեցել՝ 90 մլն դոլար բյուջեյի դեպքում 12 մլն դոլար հավաքելով։ Սակայն ստուդիան նշել է, որ ժապավենի գլխավոր նպատակն է ուշադրություն գրավել պատմության նկատմամբ, եւ ոչ թե գումար վաստակել։