«Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց
Վերջին երկու տարիների ընթացքում Ամուլսարի ճանապարհների ապօրինի շրջափակման հետևանքով «Լիդիանը» և կապալառու ընկերությունները ստիպված էին կրճատել ավելի քան 1400 աշխատատեղ, այդ թվում Ամուլսարի հարակից համայնքներից: Այս մասին տեղեկացնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Այս ցավալի գործընթացը նպաստեց համայնքներում արտագաղթի աճին, տեղի բնակչությանը կանգնեցրեց սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի առաջ: Մեր տվյալներով վերջին երկու տարիների ընթացքում այս համայնքներից արտագաղթել է մոտ 500 մարդ:Այս ողջ ընթացքում «Լիդիան»-ը համայնքի բնակիչներից ստացել է աջակցության, աշխատատեղերի վերաբացման բազմաթիվ դիմումներ: Անկախ ստեղծված իրավիճակից «Լիդիան»-ը միշտ եղել է համայնքի բնակչի կողքին և ևս մեկ անգամ վերահաստատում է իր որդեգրած դիրքորոշումը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ընկերությունը տեղեկցնում է, որ օրենքի շրջանակներում ծրագրում է սկսել աշխատատեղերի վերականգնման գործընթացը: Որպես առաջին քայլ ընկերությունը հայտարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերագնահատման գործընթաց` հաշվի առնելով վերջին տարիների արտագաղթն ու կադրերի արտահոսքը: Նշվում է, որ Ամուլսարի շրջակա համայնքներից ցանկացողները կարող են օգոստոսի 12-ից սկսած իրենց մասին անհրաժեշտ տեղեկությունները ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին կամ փոխանցել համայնքներում «Լիդիան»-ի ներկայացուցիչներին: