ՀՖՖ-ն ամենախոշոր հովանավորչական պայմանագիրն է կնքել հայկական ֆուտբոլի պատմության մեջ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և VBET ընկերությունը, ընդլայնելով համագործակցության շրջանակները, նոր՝ բացառիկ պայմանագիր են ստորագրել, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Համաձայն նոր պայմանագրի` VBET ընկերությունը ձեռք է բերել ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի և Հայաստանի գավաթի խաղարկության անվան իրավունքը հաջորդ երեք մրցաշրջանների համար:
Համագործակցության արդյունքում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 2020/2021 թթ․ մրցաշրջանի համար VBET ընկերությունից կստանա 400 միլիոն ՀՀ դրամ (ներառյալ հարկերը): Սա հովանավորչական առումով ամենամեծ փաթեթն է հայկական ֆուտբոլի պատմության ընթացքում:
Հետագա 2 տարիներին ամեն հաջորդ մրցաշրջանի համար նշված գումարը կաճի 10%-ով (ներառյալ բոլոր հարկերը)։
Այսպիսով, 2020/21, 2021/22 և 2022/23 թվականների մրցաշրջաններում Հայաստանի գավաթի խաղարկությունը կշարունակի կրել «VBET Հայաստանի գավաթ» անվանումը, իսկ նույն ժամանակահատվածում Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը կվերանվանվի «VBET Հայաստանի Պրեմիեր լիգա»։
ՀՖՖ-ն և VBET-ը համատեղ մշակել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նոր տարբերանշանը, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, անդրադառնալով ՀՖՖ-ի և VBET ընկերության միջև կնքված համաձայնագրին, նշել է. «Շատ ուրախ ենք շարունակել VBET ընկերության հետ համագործակցությունը: Նախորդ մրցաշրջանի դրական փորձը վստահություն հաղորդեց կողմերին՝ ստորագրելու նոր՝ բարելավված պայմաններով համաձայնագիր: Վստահ ենք, որ երկկողմանի փոխշահավետ գործակցությունը կնպաստի հայկական ակումբային ֆուտբոլի հետագա զարգացմանը»:
VBET ընկերության հիմնադիր Վիգեն Բադալյանը նույնպես կարևորել է համագործակցությունը.
«Բոլորիս ցանկությունն է հայկական ֆուտբոլը տեսնել առաջատար դիրքերում: Վերջին տարիներին մեր ֆուտբոլը մեծ քայլերով զարգանում է, ու մեզ համար շատ կարևոր է ներդրում ունենալ այդ գործում: Վստահ ենք՝ ՀՖՖ-ի հետ համագործակցությունը կնպաստի Հայաստանի Պրեմիեր լիգայի աճին ու նոր հնարավորություններ կբացի հայկական ակումբների համար»: