Երեկ երեկոյան կրկին անհանգիստ է եղել Բելառուսում (Լուսանկարներ)
Բելառուսի իրավապահ մարմինների ստորաբաժանումները երեկ երեկոյան սկսել են ցրել Մինսկի կենտրոնում հավաքված մի քանի հազար ցուցարարներին: Բողոքի ցույցի մասնակիցները երկու կողմից սեղմվել են անվտանգության ուժերի կողմից, որից հետո ամբոխը սկսել է ցրվել մոտակա բակեր:
Լսվել են գոռոցներ ու լուսաձայնային նռնակների պայթյուններ: Դեպքի վայր են մեկնել Բելառուսի ներքին զորքերի ստորաբաժանումները: Ցուցարարների ակտիվ ձերբակալությունները շարունակվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բելառուսական Բրեստ քաղաքում ոստիկանների և նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքող ցուցարարների միջև սկսվել են բախումներ, այս մասին հաղորդել է Sputnik Belarus-ը:
Գործակալության տվյալներով՝ անվտանգության ուժերի հետ առճակատումը սկսվել է Մաշերովի պողոտայի և Տիեզերագնացների պուրակի խաչմերուկում:
«Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են պայթեցրել, ի պատասխան՝ ցուցարարները շշեր և աղբարկղեր են նետել իրավապահների ուղղությամբ: Մարդիկ հարձակվում էին իրավապահների վրա, աշխատակիցները վահաններով էին պաշտպանվում»,- ասված է գործակալության Telegram-ալիքի հաղորդագրության մեջ:
Բրեստում բողոքի ցույցի մասնակիցները պողոտայի վրա տեղադրված նստարաններից բարիկադներ են կառուցել և կանգնել դրանց հետևում: Ինչ-որ մեկը քանդել է նստարանները՝ փայտե մասերը որպես զենք են օգտագործվել, իսկ բետոնե մասերը դրվել են բարիկադների վրա:
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են նաև Գրոդնոյում բողոքի ցույցերը ցրելու մասին:
Նշենք, որ բելառուսական լրատվական կայքերի մեծ մասը կրկին անհասանելի է:
Tut.By կայքի լրատվության մեկնաբանություններում տարբեր օգտատերերից հայտնվել են նաև նման լուսանկարներ Մինսկից: