Վիլիանը հրաժեշտ է տվել «Չելսիին»․ Եկել է առաջ շարժվելու ժամանակը
Բրազիլացի հարձակվող Վիլիանը հրաժեշտ է տվել Լոնդոնի «Չելսիին»։
«Հրաշալի 7 տարի։ Երբ 2013թ․ օգոստոսին առաջարկ ստացա «Չելսիից», վստահ էի, որ հենց այս ակումբում պետք է խաղամ։ Հիմա վստահ եմ, որ դա ճիշտ որոշում էր։ Այնքան շատ երջանիկ պահեր են եղել, տիտղոսներ, նաեւ տխուր դրվագներ, բայց ձանձրալի չի եղել։ Հենց այս թիմում ես դարձա ավելի լավ մարդ։
Եկել է առաջ շարժվելու ժամանակը։ Կկարոտեմ թիմակիցներիս, ակումբի աշխատակիցներին եւ երկրպագուներին։ Հեռանում եմ գլուխս բարձր պահած, քանի որ այստեղ հաղթել եմ եւ միշտ աշխատել 100 տոկոս նվիրվածությամբ»,- Ինստագրամում գրել է 32-ամյա Վիլիանը, որի պայմանագիրը «Չելսիի» հետ ավարտվել է։
Նրա ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Արսենալն» ու «Տոտենհեմը»։